Thursday, January 30, 2020

Նոյեմբերի 22․ Հրամանատար Լեոնիդ Ազգալդյանը այսօր կդառնար 77 տարեկան


Ճիշտ է, 2 ամիս ուշացումով եմ կատարում այս գռարումը։ Մնացել էր սևագրերիս մեջ ու մատնվել էր ժամանակավոր մոռացության։ Բայց միայն՝ ժամանակավոր։ 
Նոյեմբերի 2ին Երևանի Մոսկվա Կինոթատրոնում տեղի ունեցավ միջոցառում նվիրված լեգանդար հրամանատար, հերոս Լենոիդ Ազգալդյանի ծննդյան տարելիցին։
ՍԱ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է, և ՎԵ՜ՐՋ։
Արցախում ապրած ժամանակ ծրագրերիցս մեկն էր, մասնակցել Լեոնիդ Ազգալդյանի մասին պատրաստվելիք կայքի ստեղծմանը։ Սակայն շարքի մեև առաջինն եղավ մի այլ հերոս՝ Արթուր Մկրտչյանը։ Մինչև այդ աշխատանքը արվեց-պրծավ, երկար ժամանակ անցավ։ Տենցել հաջորդը, որը պիտի լիներ Լեոնիդի մասին, կիսատ մնաց։ Ինչևէ․․․
Մի քանի օր առաջ այդ կողմերով անցնելուց նկատել էի այս միջոցառումը հաղորդով պաստառը։ Որոշեցի անպայման ներկա լինել։
Երեկոյան ժամը 7ին, աշխատանքից անմիջապես հետո, շնչակտուր մտնում էի կինոթատրոնի դռներով։ Չէի սպասում, որ շատ մարդ լինի։ Սովորաբար պատմական անձնավորությունների հիշատակող միջոցառումներին շատ մարդ չի լինում։ Դե, ինչ-որ հայտնի երգչի համերգի մասին չի խոսքը, ոչ էլ ինչ-որ սենզացիոն իրադրություն է։ Մեր հասարակությունը սիրում է սենզացիոն թեմաները։ Իսկ սա "ընդամենը" մի հերոսի հիշատակող միջոցառում կլիներ։
Երբ վերջապես բարձրացա 2րդ հարկ, որտեղ պիտի լիներ միջոցառումը, դահլիճի դուռը բացելուց անակնկալի եղա։ Դրական իմաստով զարմացած մնացի։ Դահլիճը լեփ-լեցուն էր։ Մահապարտների ջոկատի անդամներ, հրամանատարի զինակիցներ, երկրապահներ, դպրոցական տարիքի պատանիներ, իմ պես սովորական մարդիկ։ Եթէ մի քիչ էլ ուշանաի, էլ նստելու տեղ չէի գտնի։
Ծնվել է 1942 թվականին Թիֆլիսում, Կամոյից տեղափոխված Ռուբեն Ազգալդյանի ընտանիքում։ 1947-1959 թվականներին սովորել է Երևանի Ա. Մռավյանի անվան դպրոցում։ 1960 թվականին ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, որտեղից հետագայում տեղափոխվել է Երևանի պետական համալսարանի համապատասխան ֆակուլտետը և այն փայլուն ավարտել է ռադիոֆիզիկա մասնագիտությամբ։
Աշխատել է ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառներում, զբաղվել է պլանավորման մեթոդաբանությամբ և կառավարման համակարգերի ավտոմատացման խնդիրներով, գիտական ուսումնասիրությունների ավտոմատացված համակարգերի հարցերով։ Տարբեր ժամանակաշրջաններում զբաղեցրել է Պետպլանի հաշվողական կենտրոնում, Լազերային տեխնիկայի գիտաարտադրական միավորումում, «էներգիա» գիտաարտադրական միավորումում և Ատոմային էլեկտրակայանների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղի համակարգային ծրագրավորման և հաշվողական տեխնիկայի գծով բաժնի վարիչի պաշտոններ։
Ղարաբաղյան շարժման սկզբնավորման օրից Ազգալդյանը, որպես ռազմական առաջատար գործիչ, գործուն կերպով մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին։ 1990 թվականի փետրվարից վարել է «Անկախության բանակ»-ի հրամանատարությունը, կազմակերպել մի շարք շրջանների և հատկապես Վարդենիսի ինքնապաշտպանությունը, մասնակցել ազատագրական մարտերի, այդ թվում Նյուվադիի առաջին գրոհին, իսկ մայիսի 27-ի կայարանի և Սովետաշենի արյունալի սադրանքից հետո ծրագրել և իրականացրել է խորհրդային պատժիչ զորքերի Երևան ներթափանցման փորձի կանխումը։
Ազգալդյանը հետագայում իր ճակատագիրն ամբողջությամբ կապել է Արցախի ազատամարտի հետ, սկզբում գործելով Շահումյանի, այնուհետև՝ Մարտակերտի շրջաններում։ 1991 թվականի հունիսին, Հովսեփ Հովսեփյանի հետ միասին, նա ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը, որի գլխավոր հրամանատարը մնաց մինչև իր կյանքի վերջը։ Թեկուզ միայն Հայաստան-Արցախ-Սփյուռք ճիգերի համադրման իմաստով, այդ կազմակերպությունը նոր որակ էր հայ ժողովրդի գոյամարտին ծառայագրված շարժումների շղթայում։
1992 թվականի հունիսի 21-ին Մարտակերտի շրջանում՝, Տոնաշեն գյուղի մոտ թշնամու դավադիր կրակոցների զոհ դարձավ։
Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ և ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։

2019 թվականի ապրիլին մեկնարկել է ստորագրահավաք՝ Լեոնիդ Ազգալդյանին ազգային հերոսի կոչում շնորհելու համար։ 2019 թվականի օգոստոսի 31-ին, Արցախի Հանրապետության 28-րդ տարեդարձի կապակցությամբ, Լեոնիդ Ազգալդյանին հետմահու շնորհվեց Արցախի հերոս կոչումը և «Ոսկե արծիվ» շքանշանը։

Հիշատակդ միշտ փառավոր, շիրիմիդ՝ լույս, Հրամանատա՜ր։

Հ․Գ․։ Ափսոս սև կարճաթև մայկես Միացյալ Հայաստանի քարտեզով և Հրամանատարի հայտնի խոսքերով ավտոմատ լվացքի մեքենաս փչացրել էր, թէ չէ, հաստատ հագած կլինեի․․․

Հուդան ողջ է...

  Ըստ Աստվածաշնչի, Հուդան, Հիսուսին 30 արծաթադրամի դիմաց մատնելուց հետո, գնացել ինքնասպան է եղել, ծարից կախվելով։ Բայց նայելով վերջին իրադար...