Saturday, December 22, 2018

Արաբո և Ներսիկ Իսպիրյաններ - Տուն իմ Հայրենի / Arabo&Nersik Ispiryan - Tun im Hayreni




Երգ, որ արտահայտում է օտարության մեջ ապրող հայի սրտի ձայնը։ Անհնար է լսել և չհուզվել։ 
Կարող ենք օտարության մեջ լավ ապրել, բարեկեցիկ, լավ տուն ունենալ, լավ աշխատանք, և այլն։ Բայց երբեք չենք ազատվում այդ զգացմունքից, թէ՝ մի բան էն չի։ Մի բան պակաս է։ Հացը նույն համը չունի։ Ջուրը նույն համը չունի։ Լոլիկը, վարունգը, մրգերը - սաղ անծանոթ համ ունեն։ Այն երկիրը, որտեղ ապրում ես, ուրիշի հայրերն են կառուցել, ուրիշի եղբայրներն են պաշտպանել, ուրիշ մայրեր են արցունք թափել և օրուգիշեր արթուն մնացել։
Երբ առավոտները ոչ թէ Մասիս սառն է դեմդ, այլ՝ (թեկուզ և շատ գեղեցիկ) Ալպյան սառերը, օրինակ, երբ փոխանակ Գառնու ջուր խմես, խմում ես Evian  կամ ուրիշ ինչ-որ գործարանում շշալցված ջուր, երբ փոխանակ լավաշ ուտես, ուտում ես իրանց սովորական հացը, երբ փոխանակ առիթներին լսես դհոլ-զուռնա-դուդուկ, լսում ես ինչ-որ անդեմ երաժշտություն, երբ հրաշքով ձեռք ես բերում Հայաստանից բերած բաստուրմա, կոնյակ լավաշ կամ տարբեր չրեր, երբ հեռուստացույցով կամ համակարգիչով  Ռուբեն Հախվերդյանին, այս վերևի երգը կամ Նունե Եսայանի Դլե Յամանը լսում ես և քեզանից անկախ արցունքներդ "ճանապարհի են հելնում" - և այսպես կարելի է անվերջ շարունակել - , այն ժամանակ ոնց-որ  անդադար առնահոսելուց լինես։ Ոնց որ խեղդվելուց լինես։ Ոնց որ սրտիդ տեղը մի մոխրագույն փոս լինի, ու այդ փոսը օրեցօր մեծանում ու խորանում է։ Հանկարծ առաջանում է վախը, որ այդ փոսը անդառնալի անդունդ չդառնա։ 
Ես դրա մեջ ապրել եմ։ Այս կյանքում՝ 23 տարի, իսկ ավելի լայն և ճիշտ իմաստով՝ մի քանի դար։ Իմ նախնիներս դեռևս 11րդ դարում ստիպված են եղել լքել Հայրենիքը, հասել են Ղրիմ, ապա դարերի ընթացքում՝ այսօրվա Տրանսիլվանիա։  
Իսկ ես 23 տարեկանում որոշեցի  ինքնությանս մահկանացուն քնքելու փոխարեն «նոր ծննդյան վկայական» ձեռք բերել։ Որոշեցի այդ վախը վերացնել, ու այդ մոխրագույն, անդեմ փոսը լցնել։ Որոշեցի կաթիլայինը անջատելու փոխարեն՝ վերածնունդ ապրել։

Որոշեցի ՏՈՒՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ։

No comments:

Post a Comment

Հուդան ողջ է...

  Ըստ Աստվածաշնչի, Հուդան, Հիսուսին 30 արծաթադրամի դիմաց մատնելուց հետո, գնացել ինքնասպան է եղել, ծարից կախվելով։ Բայց նայելով վերջին իրադար...